Նիկոլ Փաշինյանը Հայաստան Համահայկական Հիմնադրամի շրջանակներում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ կոչ է արել հայությանը` իրենց մասնակցությունն ունենալու մարաթոնին: Վարչապետը գնահատանքի խոսքեր է հնչեցրել բոլոր այն հայերի հասցեին, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել և նվիրատվություն կատարել Հիմնադրամին:
«27 տարվա ընթացքում կատարվել է ընդհանուր 370 մլն դոլար նվիրատվություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքում Վարչապետը մարտահրավեր է նետել աշխարհահռչակ երեք հայերի. առաջին մարտահրավերն ուղղել է Սերժ Թանկյանին` կոչ անելով մինչև իր բանկային քարտի ժամկետի ավարտը ամսական 21 դոլար նվիրաբերել հիմնադրամին, երկրորդ մարտահրավերն ուղղել է Քիմ Քարդաշյանին` 22 դոլար փոխանցելու կոչով, և հաջորդաբար երրորդ մարտահրավերն է նետել Ալեքսիս Օհանյանին` 23 դոլարի կոչով: Վարչապետը միաժամանակ պարտադիր է համարել, որ հասցեատերերը դա անեն հրապարակային և մարտահրավեր նետեն իրենց հերթին ևս երեք հայի:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` եթե սա տարածվի 5 մլն հայության շրջանում, ապա կունենանք համահայկական բյուջե, որը կնպաստի Հայաստանի և Սփյուռքի զարգացմանը:
Վարչապետը կոչ է արել նաև հայ մեծահարուստներին` 21 հազար դոլար նվիրաբերելու հիմնադրամին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







