ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել 10.52 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ:
Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը:
ՀՀ հարավային սահմանի արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով։
Այսպես, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մեղրի մաքսային կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` մոտ 4150, մարդատար ավտոմեքենաների թիվը 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմել է 10850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին` 18075, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին ուղևորների հոսքը կազմել է 55500, իսկ 2019 թվականին` 124000:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հյուսիսային անցակետերն արդիականացված են, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և այդ միջանցքով տարանցիկ փոխադրումների ավելացմանը տարածաշրջանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







