Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019 թվականի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 268 մլն դոլարով։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, կայացած մամաուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելին է եղել, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում: Դա լավ է, քանի որ 9 ամսվա կտրվածքով Հայաստան եկած ավելի շատ դրամական հոսք ունենք, իսկ Հայաստանից դուրս եկած դրամական հոսքերը պակասել են»,- նշել է Էկոնոմիկայի նախարարը։
Խոսելով հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշի մասին՝ Խաչատրյանը նշել է, որ արդեն երրորդ տարին է, որ կունենանք համախառն ներքին արդյունքում մոտավորապես 16 տոկոս ցուցանիշ, որը ներառում է և՛ պետության, և՛ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում կատարվող ներդրումները և Կառավարության ծրագրային նպատակ է սահմանել ոչ պակաս, քան 25 տոկոսը՝ ՀՆԱ-ի նկատմամբ։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ առաջիկայում պետք է ավելացնեն պետական ներդրումները և, ենթակառուցվածքների որակը բարելավելով, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն բիզնեսով զբաղվելու համար և դա իր հերթին նպաստում է մասնավոր ներդրումների աճի ցուցանիշին:
Խաչատրյանը նշեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը 9 ամսվա կտրվածքով պակասել է 60 մլն դոլարով։
«Եթե օտարերկրյա ներդրումները գալիս են այն կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարերկրյա բաժնեմասը 10 տոկոս և ավելին է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում, այլապես դիտարկվում է որպես օտարերկրյա ներդրում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







