ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն և Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները, մասնավորապես, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք հերթական նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերը։
«Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար»,-ասել է Վարոս Սիմոնյանը։ Էկոնոմիկայի փոխնախարարը նաև գոհունակություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու առիթով։
Բեդրիխ Կոպեցկին առաջարկել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել մարտին՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Նա հավելել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն գործարարներ, ինչը թույլ կտա կազմակերպել նաև B2B ձևաչափով հայ և չեխ գործարարների հանդիպումները։ Չեխիայի դեսպանը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովան է։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մեկնարկել հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







