Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջույնի խոսքում նշել է. «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման:
Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- ասել է փոխնախարարը:
Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով Գերմանիայի հետ կապերին, նշել է. «Գերմանիան միշտ եղել է և կմնա մեզ համար կարևոր գործընկեր, իսկ KfW բանկի հետ համագործակցությունը զգալի ներդրում է երկրում թափանցիկ և ճիշտ գործելակերպ խթանելու համար:
Թումոն ուղղակի նորարարական կենտրոն չէ, այն հարթակ է երեխաների մոտ կաղապարներից դուրս մտածելակերպ ձևավորելու համար: Թումոն տալիս է հնարավորություն ապագայի նպատմամբ ունենալու վստահություն, քանի որ Թումոյի սաները քայլում են համահունչ ժամանակակից միտումներին՝ երբեմն նաև առաջ անցնելով դրանցից:
Հայաստանում ձևավորված նորարարական գաղափարների արտահանման ներուժը բավականին մեծ է, ինչի վկայությունն է նաև այսօրվա միջոցառումը: Աշխարհը պետք է Հայաստանին ընկալի առաջին հերթին որպես մարդկային ռեսուրսներով հարուստ երկիր»,-եզրափակել է փոխնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







