ՀՀ Կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցած նիստում ընդունեց սպանդանոցների կառուցման վերաբերյալ նոր որոշում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում և առաջարկվող փոփոխություններով նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում և մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:
«Եթե շենք է կառուցվում, առանձին վարկավորման գործիք ունենք, կարող են օգտվել դրանից: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորման գործիք նույնպես»,- ասաց նախարարը:
Ձևավորվել է նաև կողմնորոշիչ քարտեզ, թե Հայաստանում որտեղ կարող է հաջորդ վեց ամսում առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ: Հանրապետությունում ներկայում կառուցվել են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը, կարելի է ասել, ներտնտեսային նպատակով գործողներ են: Խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց։
Խաչատրյանի խոսքով՝ կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ ունենալու ենք շարժական սպանդանոցներ․ դրանք ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը կմեղմացնեն։
«Ֆինանսավորելու ենք այնքան, որքան դրա կարիքը կլինի և որքան մասնավոր հատվածում գործող կազմակերպությունները կգտնեն, որ իրենք ցանկանում են զբաղվել այդ գործունեությամբ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սպանդանոց կառուցելու պայմանն այն է, որ այդ կառույցը լինի Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից և կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







