Հունվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Տիգրան Ավինյանը առաջնահերթ նպատակների շարքում ընդգծել է բազմապրոֆիլ օտարերկրյա ներդրումների ներգրավումը, նոր գործարար կապերի հաստատումը, Եվրոպական միության հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը:
«Առաջին հերթին կարևորում եմ ներդրումային համաժողովի ռազմավարական նպատակների սահմանումը, որոնք պիտի բխեն պետության երկարաժամկետ տնտեսական առաջնահերթություններից ու ներդաշնակեցվեն տարվող այլ քաղաքականությունների ու միջոցառումների հետ։
Համաժողովի նպատակը կոնկրետ և իրական գործարար կապերի ստեղծումն ու թիրախավորված ուղղություններով օտարերկրյա ներդրումների ներգրավումն է»,-նշել է փոխվարչապետը։
Այս համաժողովի առանձնահատկությունը, ըստ Տիգրան Ավինյանի, նաև պիտի լինի բազմաշահառու համագործակցության ապահովումը։ Համաժողովը պիտի դիտարկվի ոչ այնքան պետական ծրագրերը ներկայացնելու հարթակ, որոնք բազմաթիվ են, որքան մասնավոր հատվածի մեծ ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման ներգրավման բացառիկ հնարավորություն, որտեղ պետությունը ներկայանալու է իբրև մասնավոր հատվածի գործընկեր և ներդրումների համար բարենպաստ միջավայր ու դրանց պաշտպանության երաշխիքներ ստեղծող։
«Բացի այդ՝ համաժողովի ձևաչափը հնարավորություն է տալու ավելի ակտիվացնելու մասնավոր հատվածի, փորձագիտական խմբերի ու զարգացման գործընկերների հետ ամենօրյա շփումները։ Կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները պիտի օգտագործեն ընձեռված հնարավորությունները՝ վեր հանելու ներդրումային միջավայրի գրավչությունը նվազեցնող խնդիրները և հընթացս այդ խնդիրներին արդեն կոնկրետ լուծումներ տան»,-ասել է փոխվարչապետը։
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերն ապրիլի 26-ին ԱՄՆ դոլարը գնում են 386,29 դրամ միջին գնով, վաճառում՝ 392,11 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...