Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանը, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, առաջընթաց է գրանցել:
ԱՊՀ երկրների և Ռուսաստանի աշխարհագրական հարևանների շարքում տարվա ընթացքում ամենամեծ թռիչքը հենց Հայաստանինն է՝ միավորը 35-ից բարելավելով 42-ի ։ Ընդ որում, Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը):
Իր ցուցանիշներն էապես բարելավել է Ադրբեջանը՝ 25-ից հասնելով 30-ի։ Երկու միավորով բարելավել է իր դիրքը Ուզբեկստանը (25 միավոր): Միավորներ ավելի շատ վաստակել են Բելառուսը և Ղրղզստանը (համապատասխանաբար՝ 45 և 30 միավոր) ։ Տաջիկստանի ցուցանիշները մնացել են անփոփոխ (25 միավոր): Վրաստանը և Ուկրաինան կորցրել են 2-ական միավոր (համապատասխանաբար 56 և 30 միավոր), Մոլդովան և Թուրքմենստանը՝ մեկական միավոր (համապատասխանաբար 32 և 19 միավոր):
Վարկանիշի վերջում ՝ Սիրիան (13 միավոր), Հարավային Սուդանը (12 միավոր) և Սոմալին են (9 միավոր):
Transparency International-ի հրապարակած ամենամյա գլխավոր հետազոտությունում, աշխարհի երկրները դասակարգված են՝ ելնելով պետական հատվածում կոռուպցիայի մակարդակի գնահատականներից:
Որքան շատ միավորներ է հավաքում երկիրը, այնքան լավ են փորձագետներն ու գործարարները գնահատում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







