ՀՀ ազգային ժողովն այսօր՝ հունվարի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններով հնարավորություն է տրվում շրջիկ առևտրի թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ տրամադրել մինչև 3-օրյա ժամկետով:
Այս նախագիծը նպատակ է հետապնդում Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունները հնարավորինս կարգավորել։
Մինչև փոփոխությունը՝ օրենքում միայն կար ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկար ձևակերպում, թե ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված իրավահարաբերությունները, նշված չէր, թե մասնավորապես, ինչ ապրանքներ կարող են վաճառվել շրջիկ կետերում, և որ ժամերին:
Նախագիծն առաջարկում է այս վերահսկողական լիազորությունները տալ Երևան քաղաքի ավագանուն։
Օրենքի նախագծով սահմանվում է, որ քաղաքապետը կարող է շրջիկ առևտրի թույլտվությունը մերժել բացառապես այն դեպքերում, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին, և այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել ներկայացված պահից 10-օրյա ժամկետում: Օրենքի նախագիծն ընդունվեց 74 կողմ և 41 դեմ ձայնով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ նախագիծը հաշվի չի առնում բիզնեսի առանձնահատկությունները և սրանով կամ շրջիկ առևտուրը՝ որպես բիզնես փակվելու է ընդհանրապես կամ դառնալու է մենաշնորհ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







