Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 24-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և տեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Այսմասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի բաժնից։
Նախարար Սուրեն Պապիկյանը, ընդգծելով այն էական դերակատարումը, որ մարզպետարաններն ունեն հանրապետության տարբեր շրջաններում այդ ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ համալիր պատկերացում կազմելու, կարիքները գնահատելու հարցում, ինչպես նաև այն, որ առաջին ձեռքից ինֆորմացիան ստացվում է հենց մարզպետարաններից ու համայնքապետարաններից, կարևորել է նախարարության մասնակցությունն այդ գործընթացում:
Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկել է հստակ թվարկել սպանդանոցային գործունեություն ծավալով տնտեսվարող սուբյեկտներից ակնկալիքները, նրանց առաջադրվող պահանջները՝ ձևավորելու այն իրավական շրջանակը, որը կգործի պետության, ֆերմերների և սպանդանոցային գործունեություն ծավալողների միջև հարաբերություններում։ Եթե Կառավարության պահանջները հասկանալի և ընդունելի լինեն տնտեսավարողների համար, ապա կլինի երաշխիք, որ երկարաժամկետ հեռանկարում էական խնդիրներ չեն առաջանա, և ֆերմերների համար անհաղթահարելի դժվարություններ չեն ստեղծվի»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցների կառուցմանն և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ֆինանսավորման հարցերը, ներկայացվել են լիզինգի և վարկերի սուբսիդավորման՝ այս պահին առկա պետական աջակցության ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին դիտարկել այդ ծրագրերը որոշակի փոփոխության ենթարկելու հնարավորությունները՝ պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Ընդգծվել է նաև հանրության հետ ինտենսիվ շփումների անհրաժեշտությունը. տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին և շահառու բոլոր խմբերին մասնակից դարձնել գործընթացին, կառուցողական քննարկումներ անցկացնել վերջիններիս հուզող հարցերի շուրջ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրելով սպանդանոցային մորթի իրականացման մեխանիզմներն ու դրա համալիր ազդեցությունը շահառուների վրա:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր օրենքի գործողությունը հետաձգել մինչև հուլիսի 1-ը, սակայն դա չի վերաբերելու սուպերմարկետներին և հանրային սննդի կետերին Երևանում։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ի և սպանդանոցների միջև ստորագրված հուշագրի համաձայն նախատեսվում է 30 կմ շառավղով հեռավորությունից 3 և ավելի կենդանիները տեղափոխել անվճար, կենդանու մորթի արժեքը հաստատվել է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ խոզի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







