2020 թվականի բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ ավելացել է 64 %-ով, իսկ 2018-ի համեմատ՝ 104 %-ով, 2019-ի համեմատ՝ 91 %-ով՝ կազմելով 110․2 մլրդ․ դրամ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25․9 մլրդ դրամ՝ 2․4 անգամ ավել, քան 2019-ին, 66 %-ով ավել, քան 2018-ին և 22 %-ով ավել, քան 2017-ին։
«Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9․4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավել, քան 2019-ին»,-ընդգծեց նա։
Փաշինյանը ներկայացրեց, որ 2019 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն՝ կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ։
Անդրադառնալով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը, վարչապետը նշեց, որ այդ նպատակով հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 16․3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։
«382 շրագրերի շինարարական և սարքավորւմների ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ մարզերի 46 համայնքներում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման, վերակառուցման, ջրագծի անցկացման , արտաքին և ներքին ցանցի վերանորոգման, մայր ջրատարի կառուցման աշխատանքներ՝ շուրջ 860 մլն դրամ արժեքով։ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ»,-նշեց ՀՀ կառավարության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







