Հայաստան ներմուծվող բանանն անվնաս է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրառնալով Հայաստան ներկրվող բանանի մասին հրապարակումներին։
«Դեռևս դեկտեմբերին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ էր հայտնաբերել։ Մենք դա ընդունեցինք ի գիտություն ու, թեև Հայաստանի սահմանային հսկիչ կետերի տեսուչները ներկրվող բանանի խմբաքանակներում նման խնդիր չէին հայտնաբերել, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել էր վերահսկողությունը:
Սահմանին վերահսկողության ամբողջ ընթացակարգը այսօր էլ շարունակում է խստորեն պահպանվել, ու դա վերաբերում է ոչ միայն բանանին: Կարանտին որևէ հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում»,- գրել է Անուշ Հարությունյանը։
Անուշ Հարությունյանը նշել է, որ բույսերի հիվանդության հարուցիչները մարդուն չեն անցնում և պտուղը ուտելիս դրանք մարդու կյանքի համար վտանգավոր լինել չեն կարող։
«Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են կարանտիմ և խստորեն վերահսկվում: Իսկ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել չեն կարող, դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ: Վիրուսի հարուցիչը հնարավոր չէ առնաձնացնել և ներարկել բույսի մեջ, դա հսկայական ծախսեր և գիտական ներուժ է պահանջում»,- գրել է Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







