ՀՀ Կառավարությունն ընձեռում է լայն հնարավորություն՝ կառուցելու ժամանակակից պայմաններին համապատասխան ջերմատներ։ Ջերմատները կլինեն ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարվող, իսկ մյուս կողմից կնվազեն անմշակ հողատարածքները։
Առաջարկվում է ջերմատան երեք մոդել՝ բոլորն էլ պոլիէթիլենային ծածկույթով։ Քառակուսի մետրի հաշվարկով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել ծախսերի 30%-ը։ Ինչպես հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը, առաջարկվում է ջերմատների կառուցման երեք մոդել.
Մոդել 1. 300-600քմ տարածքով թունելային ջերմատուն՝ հարստացված հողային ցանգվածով։1քմ ծախսը կազմում է 11 850 դրամ, որից 4 000 դրամը կփոխհատուցի Կառավարությունը։
Մոդել 2. 800-3 000քմ մակերեսով ջերմատուն։ 1 քմ համար 24 550 դրամ կազմող ծախսից Կառավարությունը կփոխհատուցի 8 000 դրամը։
Մոդել 3. 800-3 000քմ ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով։ 1քմ ծախսը կազմում է 30 000 դրամ, որից 10 000 դրամը կտա Կառավարությունը։
Արտոնյալ խմբերն են համարվում կոոպերատիվները, երիտասարդ ֆերմերները, զինհաշմանդամները, որոնք փոխհատուցում կստանան մինչև 50%-ի չափով։
«Աշխատանք, գիտելիք և հավատ: Սա է աղքատությունն ու հուսահատությունը հաղթահարելու մեր բանաձևը: Եվ իհարկե՝ դուխով»,-կարևորելով ծրագիրը՝ նման գրառում է կատարել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







