Սահմանով կանխիկ դրամական միջոցների անցկացման նոր կանոններն ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում փետրվարի 4-ից: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
«2020 թվականի փետրվարի 4 -ից մեկ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 հազարից ավելի դոլար (համարժեք) ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միանվագ անցկացման դեպքում ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ անհրաժեշտ է տրամադրել այդպիսի միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջոցների ծագումը հաստատելու համար անհրաժեշտ կլինի բանկային փաստաթղթեր ներկայացնել կոնվերսիոն գործառնությունների կատարման, հաշվից դրամական միջոցների հանելու, վարկ ստանալու կամ քաղաքացիաիրավական գործարքների կատարումը հաստատող փաստաթղթեր, ինչպիսիք են ժառանգությունը կամ նվիրատվությունը:
ՌԴ ԴՄԾ տվյալներով՝ համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու դեպքում ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում չի թույլատրվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







