Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության մակարդակի վերաբերյալ և կարևորել մասնավոր հատվածում ՎԶԵԲ ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ:«Չկա կարևոր որևէ մի ոլորտ, որտեղ ՎԶԵԲ-ի հետ համագործակցություն չի ծավալվել»,-շեշտել է Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ ծրագրերի կարևորությունը հետևյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի զարգացում և ՓՄՁ ոլորտի զարգացում:
ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ստեղծված կառուցողական համագործակցության համար՝ ուրախությամբ նշելով, որ 2021 թվականին ՎԶԵԲ կառավարիչները խորհրդի նիստը անցկացվելու է հենց Երևանում և ակնկալելով կառավարության աջակցությունը բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման հարցում: Պիեր Հեյլբրոննը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը և հույս հայտնել, որ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն Կառավարության բարեփոխումների իրականացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







