Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը դինամիկ կերպով աճում է և ՀՀ կառավարությունը շահագրգռված է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության զարգացմամբ, վերջինիս կողմից մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ համագործակցության մեծ ներուժ կա Էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Դմիտրի Պանկինի խոսքով՝ իր գլխավորած բանկը մեր երկրում կենտրոնացած է հիմնականում առևտրային բանկերի միջոցով փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ, սակայն առաջիկայում նախատեսում են ծրագրեր իրականացնել նաև ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ վերը նշված ոլորտներում մեր երկրում տեղի ունեցող միտումները վկայում են՝ առկա են զարգացման լայն հնարավորություններ և տարեցտարի ֆինանսների ներգրավման անհրաժեշտությունը մեծանալու է: «Այսինքն համագործակցության լայն դաշտ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ողջունել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ու հայաստանյան առևտրային բանկերից մեկի միջև 10 մլն դոլարին համարժեք վարկային նոր համաձայնագրի ստորագրումը, միջոցների ուղղումը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







