Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ: Նախարարն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ բովանդակալից զրույց ունեցանք էներգետիկ համագործակցության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Երկուստեք կարևորեցինք Հայաստանի և Վրաստանի էներգետիկ տարանցիկ նշանակությունը տարածաշրջանում: Այս համատեքստում արձանագրվեցին առկա ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ»,- գրել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ անդրադարձ է կատարվել էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի միջով Հայաստան եկող գազատարի վրացական տարածքում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը:
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` կապված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորությունների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







