ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հավատարմագրային հիմնադրամի միջոցով Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 2,8 մլն դոլար Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի զարգացման համար։ Այս մասին փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ի թղթակցին է հայտնել ՌԴ դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեփանովը։
«Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս այն նախագծերին, որոնք իրականացվում են Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում և ՌԴ ֆինանսական աջակցությամբ։ Այդ բոլոր նախագծերը շատ լավ արդարացրել են իրենց։ Նոր նախագիծը կկոչվի «Սահմանային շրջանների ներառական տնտեսական զարգացմանն աջակցություն» և կիրականացվի Գեղարքունիքի և Վարոց ձորի մարզերում»,-նշել է ՌԴ դեսպանության խորհրդականը։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, նախագծի իրականացումը կսկսվի ընթացիկ տարվա մարտին։ «Նոր նախագիծն, ըստ էության, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախորդ երկուսի համակցությունն է»,-հավելել է Ստեփանովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







