Հայաստանը հակված է Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների ներմուծման արգելքի ժամկետները երկարաձգել։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»,- ասաց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ հումքի ներմուծման արգելք չեն սահմանել, որ արտադրողները խնդրի առաջ չկանգնեն։
«Մինչև արգելք դնելը 220 մլն դոլարի պատրաստի արտադրանքի ներմուծում է եղել Թուրքիայից Հայաստան: Դա պոտենցիալ արտադրության ծավալ է, որը շատ զգալի է Հայաստանի համար: Կարծում եմ, այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր տնտեսվարողները»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







