Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ: Այս մասին հայտնել է ՊԵԿ-ը։
ՀՀ կառավարության կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված մեծությունը՝ հաշվի առնելով միասնական հաշվին վերադարձված գումարները և մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը:
Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







