Ամերիկայի միացյալ նահանգների կառավարությունը կշարունակի օգնել Հայաստանին՝ կառուցել ավելի մրցունակ և բազմազան մասնավոր հատված: Ապրիլի 15-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համապատասխան համաձայնագրի փոփոխության ստորագրմանը:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, ստորագրված փաստաթղթի հիման վրա ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ օժանդակություն՝ 8,2 մլն դոլար։ Աջակցությունն ուղղվելու է ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ էներգիայի և ջրամատակարարման ծառայությունների որակի բարելավմանը:
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2006 թվականի օգոստոսի 6-ին, որից հետո Ամերիկայի կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ ներգրավելու համար մշակվել է 2010-2020 թվականների գործողությունների ծրագիր:
ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր գումարը կազմում է 91 800 980,41 դոլար: Հաշվի առնելով նոր հատկացումները՝ այն կբարձրանա մինչև 100 000 980,41 դոլար:
Նախագիծը նախատեսում է նաև պայմանագրի գործողության երկարացում մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







