Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն:
Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին սպառվել է 726.8 մլն ձու, 2019 թվականին՝ 720.6 մլն ձու, իսկ 2020 թվականին՝ 754.6 մլն ձու: Ձվի սպառումը կտրուկ տատանվում է Սուրբ Զատիկի և Ամանորի նախօրեին, երբ սպառման ծավալներն ավելանում են 5-10 անգամ։ Այդ ժամանակահատվածում հավի ձու արտադրող ընկերությունները նաև ձու են ներկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։
Նկատի ունենալով տարվա ընթացքում սպառման ծավալների այդպիսի կտրուկ տատանումները և արտահանման բացակայությունը՝ ձու արտադրող ընկերություններն իրենց արտադրական հզորությունները հաշվարկում են ոչ թե նախատոնական օրերի պահանջարկով, այլ միջին օրականով։ Հակառակ դեպքում՝ տարվա մյուս օրերին ձվի գերարտադրություն կլինի։
Ձվի արտադրության նախնական փուլը ճտի արտադրությունը կամ ձեռքբերումն է, որը պահվում է մինչև 20 շաբաթ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետություն ճտի ներկրման վիճակագրական տվյալները»:
Անդրադառնալով ձվի շուկայում տիրող վերջին զարգացումներին՝ Պարսյանը նշում է, որ 2021 թվականի մարտի վերջին տասնօրյակում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների բարձրացում, մասնավորապես՝ փոքր չափի մեկ ձուն վաճառվում է 75 դրամով, միջինը՝ 86, իսկ մեծ չափի ձուն՝ 100 դրամով:
Պատճառներից առաջինը խոշոր տնտեսվարողների անցումն է կենտրոնացված մատակարարման, որի արդյունքում միջնորդ օղակները դուրս են մնացել մատակարարման շղթայից:
Որպես երկրորդ պատճառ նշվում է հավի կերի և էներգակիրների գների բարձրացումը, որով պայմանավորված 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2021 թվականի փետրվար ամիս ընկած ժամանակահատվածում ձվի գինը թանկացել է 20%-ով:
Պատճառներից երրորդը կորոնավիրուսային համավարակի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով սահմանների փակ լինելն է, որի արդյունքում ճտերի ներկրումը սեպտեմբեր ամսից հետաձգվել և իրականացվել է միայն նոյեմբեր ամսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







