Պետական եկամուտների կոմիտեն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերությունների և անհատ ձեռնարկատերերի համար մարտի 29-ից 31-ը կազմակերպում է «ՀՀ հարկային օրենսգիրք» թեմայով առաջին անվճար դասընթացը: ՊԵԿ ուսումնական կենտրոնում օրինապահ հարկ վճարողի ներկայացուցիչները եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են հաճախ գործածվող հարկատեսակների, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շահութահարկի կիրարկման առանձնահատկությունները, ծանոթանում Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Ուսումնական կենտրոնում վստահեցնում են, որ նման դասընթացները կլինեն շարունակական. օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած կազմակերպությունն իր կարգավիճակ ունեցած ժամանակահատվածում առնվազն մեկ անգամ հնարավորություն կունենա մասնակցել այսօրինակ դասընթացի:
Տարեցտարի ընդլայնվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը. 2020թ եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը: 2019թ-ի համեմատ 2020 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների թիվն աճել է 50%-ով:
Հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների համար Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ հավաստագրի տրամադրման նոր կարգով և խրախուսման նոր մեխանիզմներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







