Կառավարությունն այսօրվա՝ մարտի 25-ի նիստում քննարկեց կորոնավիրուսի դեմ պայքարի երկրորդ միջոցառումը երկարաձգելու հարցը, որը վերաբերում է գյուղատնտեսական վարկերին։ Խոսքը մինչև 1 միլիոն դրամ վարկերի սուբսիդավորման մասին է։
«Այս վարկերը կազմել են երկրորդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 000 վարկից 26 000-ը եղել են հենց այս տիպի վարկեր։ Իհարկե, գումարով դա 63 միլիարդի 1/3-ն է, այսինքն՝ 21 միլիարդ, բայց քանակով ու շահառուների թվով ամենալայն շերտն է եղել»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այս տիպի վարկերը, ըստ Քերոբյանի, փոխարինել են նախկինում ՀՀ կառավարության կողմից տրված զանազան գյուղատնտեսական աջակցություններին՝ պարարտանյութ, վառելանյութ և այլն։ Այս միջոցառման շնորհիվ հնարավոր է եղել ազատվել կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող ծրագրերից։ Ծրագրի արդյունավետության պայմաններում առաջարկվում է մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը երկարացնել աջակցության միջոցառումը։
Նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարկերը տրամադրվում են զրո տոկոս տոկոսադրույքով։ Միջոցառումը գյուղատնտեսության բնագավառում արձանագրված նախկին տեմպը վերականգնելու նպատակով էր ընդունվել։
ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին ասաց, որ ծրագիրը նախատեսված է հիմնականում փոքր տնտեսության համար։ Գարնանամուտին գյուղացիները կկարողանան սերմնացանի ու այլ անհրաժեշտ պարագաների համար գումար ունենալ, որպեսզի պատշաճ ապահովեն գարնանացանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







