Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը:
Նրա խոսքով՝ համավարակի տարածման եւ գլոբալ տնտեսական անկման պայմաններում նախարարությունը տարեսկզբից ձեռնամուխ էր եղել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների եւ Կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովմանը։
Համավարակով պայմանավորված՝ նախարարությունը ձեռնարկել է նաև օպերատիվ աշխատանքներ՝ արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղում աջակցելու եւ վերջիններիս անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու ուղղությամբ:
Ըստ զեկուցողի՝ արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում: Գերակայությունների շարքում է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ փոխնախարարը նշեց, որ տարածաշրջանային հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման եւ հումանիտար արդի հարցերի լուծման տեսակետից առանցքային դերակատարություն է ստանձնել ՌԴ-ն: Շարունակվել են ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության ապահովման ու հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերը:
«Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների, ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին եւ տեխնիկական կանոնակարգմանն առնչվող՝ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման ընթացքի վերաբերյալ հարցեր:
Չնայած համաշխարհային տնտեսության անկման միտումներին՝ Հայաստանին 10 ամսվա կտրվածքով հաջողվել է ունենալ ընդամնեը 0,6 % անկում»,- հավելեց նա՝ շեշտելով, որ ակտիվ եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացվել Բելառուսի Հանրապետության հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







