ՀՀ կառավարությունն արցախահայության սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակում արդեն հատկացրել է 25 մլրդ դրամ: Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ պատերազմից անմիջապես հետո կառավարությունը նախաձեռնել է մի քանի միջոցառումներ, որոնք ուղղված են արցախահայության սոցիալական խնդիրների կարգավորմանը:
Նախարարը մանրամասնեց, որ սոցիալական ոլորտին վերաբերող միջոցառումները 15-ից ավելին են, ընդհանուր առմամբ՝ այդ միջոցառումների մասով այս պահին նախորդ տարեվերջից սկսած արդեն հատկացումները հասնում են մոտ 25 միլիարդի:
«Ծրագրի զգալի մասը դեռևս շարունակվում է, և ընդհանուր ֆինանսավորումը, ըստ հաստատված ծրագրերի, կավելանա ևս 30 մլրդով։
Այդ աջակցության ծրագրերը հիմնականում ուղիղ ֆինանսական աջակցություն են եղել Արցախի քաղաքացիներին: Միջոցառումներից հիմնականը եղել է Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիների ֆինանսական աջակցությունը, դրանից բացի, լրացուցիչ աջակցություն է տրամադրվել այն արցախցիներին, որոնք նախկինում բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում»,- հավելեց նախարարը։
Նախարարը ընդգծեց, որ նախորդ տարեվերջին համաֆինանսավորվել է կենսաթոշակների վճարումն Արցախում: Իրականացվել է Արցախի բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







