ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում:
Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝
1․Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,
2․ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,
3․Ձեռքբերման գների բարձրացմամբ։
Համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաև սկսվեց կարգավորվել նավթի և նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը, մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլ և 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։
Հանձնաժողովը իրացման գների բարձրացման պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրել է առավել խոշոր ներկրման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքի ձեռքբերման գները։
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ շուրջ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%:
Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռքբերված խմբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել բարձր գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







