Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
«ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվեց հուշագիր:
Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։
Հայկական պատվիրակությունը նաև այցելեց «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվել էր Իրան` երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







