Կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Պետական միջոցների հարշվին մարզպետարանները գնումներ են իրականացնում՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան: Փաթեթների տրամադրումն իրականացվելու է համայնքների կողմից:
Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:
Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ, իսկ նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն առաջիկայում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված ՀԿ-ների, անհատ կամավորների և գործարարների դերը և հորդորում է շարունակել համակարգված և հասցեական համատեղ աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







