ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած նիստում, որոշեց հավելյալ գումար հատկացնել «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագիրի շրջանակներում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» նախագծին։
Շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով շինարարական աշխատանքներն ամբողջական ծավալով չեն իրականացվել:
Անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերը և փորձաքննությունը արդեն պատրաստ են։
Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից և 2015-2018 թվականներին իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:
Չավարտված աշխատանքների կազմում ներառվել է նաև գլխամասի ջրընդունիչ կառուցվածքի վերակառուցման նախագիծը:
Կառավարությունը որոշեց 152 մլն 409 հազար դրամ հատկացնել Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված աշխատանքների ավարտման նպատակով։
Նշվում է, որ շինարարական աշխատանքներն ավարտելու և շահագործման արդյունքում կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







