Նրանք հերթական բողոքի ակցիան են իրականացնում՝ ընդդեմ մաքսատուրքերի բարձրացման։
«Եթե մենք մաքսային ներկայիս ցուցանիշներին անցնենք, հաստատ մեծ խնդիրներ կունենանք։ Եթե մեզ հայտարարում են, որ միասնական թանկացումը լինելու է 1,5-2 անգամ, պատկերացնում եք՝ դրա հետևանքներն ի՛նչ են լինելու։ Օրինակ, եթե մեկ տոննայի արժեքի համար վճարել եմ 3250 դոլարին համարժեք դրամ, հիմա 2 անգամ ավել պետք է վճարեմ։ Անգամ 1,5-2 անգամ թանկացումը, մեզ համար ջախջախիչ կլինի։ Մենք ուզում ենք, որ, կարողանանք մեր ընտանիքները պահել» ,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։
Հավելենք, որ սեպտեմբերի 1-ից հագուստի, կոշիկի մաքսազերծման կանոնները փոխվել են։ Փոփոխության համաձայն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում. հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման: Փոփոխության արդյունքում ներմուծողներն ասում են, որ ապրանքի մաքսային արժեքն ավելանում է շուրջ 6 անգամ:
Հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսավարողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության առաջ, Պետական եկամուտների կոմիտեի մոտ։ Նախորդ շաբաթ դարձյալ հավաքվել էին կառավարության դիմաց: Փոքր և միջին առևտրով զբաղվող տնտեսավարողներից մի քանիսը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ և պատասխանի են սպասում։
Նրանք պահանջում են հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը մեկ տարով և իրենց ժամանակ տալ:
Առևտրականները հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել։
Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ը տնտեսավարողներին հորդորում է համատեղ աշխատել՝ լուծումներ գտնելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







