Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրինագծին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ինչպես հանձնաժողովի նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի տեղակալ Վարդան Կոստանյանը, առաջարկվում է, որ առողջապահության ոլորտի կառույցների մասնավորեցման դեպքում Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կորոշի տվյալ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության և ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:
Նշվում է, որ նախագծի քննարկումն ու քվեարկությունը երկու անգամ հետաձգվել էր: Ըստ հաղորդագրության՝ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովականներն անընդունելի են համարել նույն նախագիծն առանց որևէ փոփոխության երրորդ անգամ հանձնաժողովի դատին ներկայացնելը: Օրենքի նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







