Մաքսային մարմիններն էականորեն վերանայել են գնային քաղաքականությունը հօգուտ տնտեսավարողների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։
«Տնտեսավարողներն իրենք էլ ընդունեցին, որ ամբողջությամբ գրեթե համապատասխանում է իրականությանը, թե կոնկրետ ապրանքի համար որքան են վճարում Թուրքիայում։ Մաքսային մարմիններն, օրինակ, հաշվարկել են, որ 1 տաբատի համար մոտ 6-7 դոլարի սահմաններում է Թուրքիայում մուծում արվում։ Այսօր բոլոր ջինս ներմուծողները, ովքեր իմ աշխատասենյակում էին, համաձայնվեցին, որ հաշվարկն ամբողջությամբ իրականությանը համապատասխանում է»,- պարզաբանեց նա։
Ներսիսյանի փոխանցմամբ, սակայն, տնտեսավարողների հետ բաժանվել այն նոտայի վրա, որ իրենց բարձրացրած խնդիրը չի լուծվում, քանի որ նրանք դեմ են փոփոխությանը և ցանկանում են աշխատել մաքսազերծման նախկին կանոններով։
«Գների բարձրացումը մոտ 1,5-2 տոկոս է լինելու, 6 անգամ բարձրացման մասին խոսք լինել չի կարող։ Ջինսե տաբատի արժեքը մոտ 3500 դրամ է, որից մոտ 1200 դրամի կարգի հարկ է մուծվում, որն, ինձ թվում է, իրականությունից ցածր է։ Եթե գումարում ես հարկն ու ինքնարժեքը և գնում են 4700 դրամով, հաստատ այդ խանութներում ջինսը 5000 դրամ չէ։ Իմ աշխատասենյակում եղած տնտեսավարողները համաձայնել են, որ գները, որոնք հնչեցվում են, համապատասխանում են իրականությունը։ Մենք միտված ենք, որ բոլորս աշխատենք հավասար դաշտում։ Որևէ տնտեսավարող լայն ժպիտով թանկացման փաստը չի ընդունվելու»,- նկատեց նա։
Նշենք, որ այսօր կառավարության և ՊԵԿ-ի դիմաց հագուստի ներմուծմամբ զբաղվող գործարարները բողոքի ակցիա են անցկացրել։
2020 թվականի սեպտեմբերի 1-ից փոխվում են հագուստի մաքսազերծման մեթոդները։ Ներմուծվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։
Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ը տնտեսավարողներին հորդորում է համատեղ աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







