ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված ««Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 10, 626, 263 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը:
Նշվում է, որ մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով` նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք` 4000 քմ կառուցապատման մակերեսով` տանիքում 1500 քմ արևային էներգակայանով:
Ըստ հաղորդագրության՝ մաքսակետի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան, մաքսային ձևակերպումների և բրոքերային մասնաշենքեր, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք և մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







