Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա աշնանը: Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, որոշումը կայացվել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպման արդյունքներով:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ում միջպետական ծրագրերի և նախագծերի իրականացումը, ժամանակակից թվային և նորարարական արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծումը, ներմուծման փոխարինման նախագծերը: Հաստատվել է արդյունաբերության մեջ միջնաժամկետ ժամանակահատվածում նոր ռազմավարական փաստաթղթի՝ մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների ընդունման կարևորությունը: «Փաստաթղթով մենք չորս հիմնական ռազմավարական առաջնահերթություններ ենք դնում ԵԱՏՄ-ում՝ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր շուկայի ներուժի առավելագույն ներգրավում, համատեղ աշխատանք արտահանման շուկաներում, արդյունաբերական ինտեգրման խորացում, նորարարական համագործակցություն և արդյունաբերության թվայնացում», — ասել է Արտակ Քամալյանը:
Հանդիպմանը քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության ինդուստրացման քարտեզի իրականացման ընթացքը, որը կդառնա ներմուծման փոխարինման հարցերով անդամ պետությունների գործողությունների համակարգման գործիք: Ենթադրվում է, որ ինդուստրացման քարտեզը կարտացոլի անդամ պետությունների արտադրողների ներմուծման փոխարինող տեխնոլոգիական ուղղությունները, արդեն իսկ ձևավորված արդյունաբերական նախագծերը և ԵԱՏՄ-ում կոոպերացիոն կապերը: Դա երկրներին թույլ կտա խուսափել կրկնօրինակ արտադրություններ միությունում կազմակերպելուց և զարգացնել անդամ պետությունների արտադրողների ճյուղային մասնագիտացումը։ Այժմ քարտեզն արդեն ներառում է շուրջ 180 խոշոր նախագծեր՝ 200 մլրդ դոլարի ներդրումների ծավալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







