Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020 թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր»,-գրել է նա։
Նա ներկայացրել է ոլորտի բարելավման հիմնական ծրագրերը.
Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած՝
- Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար դրամ։
- Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից 300 հազար դրամ։
«Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը»,-գրել է նա։
Բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․
- Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից 26․500 դրամ:
- Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից 26.500 դրամ:
- Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից 53․000 դրամ:
- Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) 26․500 դրամ։
Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։
- Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի` ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն՝ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի:
- Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:
- Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:
«Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»,-նշել է Ավինյանը։