Խոսելով շրջանառվող տեսակետի մասին, թե ճգնաժամային պայմաններում իշխանությունը գույքահարկ է ավելացնում, կա՛մ սխալ ընկալման արդյունք է, կա՛մ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա է: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Թունյանն ասաց, որ բուն նախագիծը, որ հանգեցրել է գույքահարկի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որ ընդունվել է անցած տարի՝ նշելով, որ հիմա այս նախագծով փորձում ենք մեղմել այդ նախագծի էֆեկտը։
Ըստ Թունյանի՝ գործող համակարգը հարկման մի քանի շեմ ունի, բնակարանի դեպքում՝ առավելագույնը 40 մլն դրամ, որից հետո կիրառվում է առավելագույն 1 տոկոս գործակիցը:
«Վերագնահատման արդյունքում գույքի զգալի մասն ընկնում է բարձր շեմից վերև, ըստ այդմ, հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանում: Բայց մենք էս պահին մեղմում ենք ազդեցությունը, սահուն ժամանակահատված ենք դնում՝ 6 տարվա, որ մարդիկ էդ բեռն աստիճանաբար չզգան: Վերջապես պետք է նկատի ունենանք, որ նոր կանոններով առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թ. դեկտեմբերին, ընդ որում՝ նոր գույքահարկի 25 տոկոսի չափով: Այսինքն՝ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի ավելացման մասին, այնքան էլ արդարացի չէ»,- ընդգծեց Թունյանը:
Պատգամավորը նշեց, որ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ գումարները գնալու են համայնքային բյուջեն:
«Եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է ընդունել, որ դրանց պետք են որոշակի եկամուտներ: Այդ գումարները չեն ծախսվում պատգամավորների կամ նախարարների անձնական նպատակներով: Դրանք ծախսելու է համայնքի ավագանին՝ իր սեփական միջոցներով: Այլ հարց, որ համայնքների եկամուտների ավելացմանը զուգահեռ բոլորս պետք է ավելի պահանջատեր լինենք, հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնենք համայնքային ավագանիների առաջ: Մի բան է գումարները հավաքագրելը, մի բան է ծախսելը»,- ասաց Թունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







