Կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է մեր ոլորտի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռեստորանների Հայկական Միությունն՝ անդրադառնալով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչին, որով նա հորդորել էր դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»։
«Վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով»,-նշված է հայտարարության մեջ։
Նրանք հայտարարել են նաև, որ Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է։
«Կոչ ենք անում ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին շտապ քննարկում սկսել մեր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







