ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 25-ին, տեղի ունեցած նիստում որոշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սահմանվում է 1 333 763 159 դրամ։
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ և հողամաս ու փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։
Մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







