«Սա խայտառակություն է։ Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման մասին օրինագիծ քննարկելը չգիտեմ ում մտքով կարող է անցնել… ու անել դա արտահերթ ռեժիմով․ սա անթույլատրելի է»,- Ազգային ժողովում գույքահարկի վերաբերյալ քննարկման մասին այսպիսի դիրքորոշում հայտնեց ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ արտակարգ ռեժիմով հարցը բերելը Կառավարության դանդաղկոտության արդյունքն է:
Պատգամավորի խոսքերով՝ այս նախագիծն այնքան «չաշխատած» է, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը, որ հիմնական շահառուն է, չի հասցրել կարծիք հայտնել նախագծի մասին։ Իսկ արտահերթ ռեժիմը, հիշեցրեց Թանդիլյանը, սահմանափակում է ելույթների և հարցերի հնարավորությունները։
Պատգամավորը նկատեց, որ գույքահարկը միջինը 3-4 անգամ է բարձրանում և աներկբա է, որ բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է:
«580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Ասում եք տեսանելի հարստությունն ենք հարկում, այդ մինչև 3 միլիոն դրամանոց գույք ունեցո՞ղն է տեսանելի հարստություն, ինչ է ձեզ տալու, օրինակ, 140 դրամ վճարած մի գյուղացու հարկը»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը համաձայնեց, որ 200 միլիոնից ավելը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է չհարկվող շեմ սահմանվի: Նա նշեց, որ որևէ սոցիալական բաղադրիչ հաշվի չեն առել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







