«Կարող ենք պնդել, որ նախկինում 30, 40, 50, 60 տոկոսով մսխվել են պետական բյուջեի միջոցները, իսկ այժ այդ գումարներով կարողանում ենք հանրային բարիք ստեղծել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում 2019 թվականի բյուջեի թերակատարումներին։
Պապոյանը նկատեց, որ բյուջեի կատարողականից պարզ է դառում, որ նախկին համեմատ՝ այժմ ճանապարհները կառուցվում են ավելի քիչ բյուջետային միջոնցներով, իսկ մնացած խնայված գումարներով հանրային այլ կարիքներ են հոգում:
«Ես հեռու եմ մտքից, որ նախկինում նախահաշիվները կազմել են անխելք մարդիկ, հակված եմ , որ նախկինում նախահաշիվ կազմողները անխելք չեն եղել, լավ էլ իմացել են ճանապարհների կառուցման ինքնարժեքը, սակայն միտումնավոր մեծ նախահաշիվներ են գրել, որպեսզի ավելի մեծ պատկեր ստանան և ավելացված մասը կոռուպցիոն մեխանիզմներով մսխեն»,-ասաց Պապոյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ 2019թ. ճանապարհաշինության մրցույթների արդյունքում՝ միայն հիմնանորոգման ուղղությամբ հնարավոր է եղել 9 միլիարդ դրամի խնայողություն կատարել, ընդ որում՝ գնման նոր ընթացակարգերով և այդ գումարը վերաբաշխվել է հավելյալ ճանապարհների շինարարության վրա:
«Իհարկե, կառավարումից կախված է արդյունավետությունը և դրամական միջոցների ճիշտ օգտագործումը, բայց խնդիրը հետևողականության մեջ է։ Ես չեմ ուզում հիմա գնահատականներ հնչեցնել, թե որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել․ Փառք տիրոջը, այս պահին իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, շատ բաներ բացահայտում են և կարծում եմ, դեռ այլ բացահայտումներ սպասվում են»,-ասաց Պապիկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







