Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Խորհրդարանում նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նա նշեց, որ նախագծի նպատակը շահութահարկի կանխավճարների համակարգի վերանայումն է` նպատակ ունենալով համակարգը դարձնել ավելի ճկուն և, հետևաբար, տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից ավելի նպաստավոր:
«Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ. հիմնական եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով և այլընտրանքային եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով: Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն: Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կանխավճարների գործող համակարգը բավարար չափով ճկուն չէ, և այդ պատճառով ներկա տնտեսական իրավիճակում տնտեսավարող սուբյեկտների համար հանգեցրել է ընթացիկ իրացվելիության խնդիրների: Մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտներից շատերը, մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը չկարողանալով կանխատեսել հնարավոր տնտեսական դժվարությունները, հարկային մարմին չեն ներկայացրել շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու հայտարարություններ, ինչի արդյունքում ստիպված են ընթացիկ տարվա ընթացքում յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարները կատարել նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով»,- նշեց Պողոսյանը:
Նա նշեց, որ ցանկացած տնտեսություն զարգանում է պարբերաշրջաններով, ինչը նշանակում է, որ զարգացման այս կամ այն փուլում տնտեսական և այլ շոկերը անխուսափելի են ինչպես ամբողջ տնտեսության համար, այնպես էլ առանձին ճյուղերում և նույնիսկ առանձին տնտեսավարող սուբյեկտների մոտ: Այդ շոկերը հանգեցնում են տնտեսվարող սուբյեկտների (այս դեպքում` շահութահարկ վճարողների) իրացվելիության տատանումների և կանխիկ հոսքերի կառավարման խնդիրների: Ընդ որում, նշված շոկերը և մասնավորապես` խոշոր շոկերի (անկումներ և ճգնաժամեր) տեղի ունենալու ժամանակահատվածը հիմնականում անկանխատեսելի է, այդ իսկ պատճառով շատ տնտեսավարող սուբյեկտներ դժվարությամբ կարող են կանխատեսել, թե շոկերը տվյալ տարվա որ եռամսյակում են տեղի ունենալու:
Հետևաբար, այս պայմաններում կարևոր է շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը, որը հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին ճկուն կերպով արձագանքել այդ շոկերին եւ իրացվելիության տատանումներին` ապահովելու համար այդ շոկերի սահուն հաղթահարումը և վերադարձը դեպի բնականոն զարգացման: Շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը կարևոր է նաև մակրո մակարդակում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ իրականացման տեսանկյունից:
Մասնավորապես, դրա կիրառումը հնարավորություն կտա ապագայում ավելի արդյունավետ կերպով մեղմել տնտեսական տատանումները` ավտոմատ կերպով արձագանքելով շոկերին և դրանց հետևանքով առաջացող իրացվելիության խնդիրներին: Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաև կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաև սահմանել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարում: Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան ֆիննախի տեղակալը հայտնեց, որ փոփոխության նախագիծը պատրաստվում են ներկայացնել մինչև հունիսի 20-ը։
day
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







