Հայաստանում հունիսի 9-ից կմեկնարկեն մոտ 50 տեսարժան վայրերի եւ հիմնական զբոսաշրջային երթուղիների մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ նշված աշխատանքներին կմասնակցեն շուրջ 200 զբոսաշրջային զբոսավարներ: Լայնածավալ նախաձեռնության հիմնական նպատակն է զբոսաշրջային վայրերի տարածքում ապահովել մաքուր միջավայր բոլոր այցելուների համար, ինչպես նաեւ աջակցել համավարակով պայմանավորված իրավիճակի արդյունքում աշխատանքից զրկված զբոսավարներին եւ ուղեկցորդներին։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորվելով «Մի բան անենք» արշավի շուրջ։
Մաքրման աշխատանքները կտեւեն մոտ մեկ ամիս։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նախաձեռնությունը կկազմակերպվի հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







