Վարչապետի աշխատակազմի համար 2019 թվականի ընդհանուր ֆինանսական միջոցների օգտագործումը նախատեսված էր 17,3 միլիադի չափ, իսկ տարեկան կատարման ընթացքում այն ճշգրտվել է՝ կազմելով 18,9 միլիարդ դրամ, փաստացի արձանագրվել է 14,5 միլիարդ դրամ օգտագործում կամ շուրջ 77 %։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Վարչապետի աշխատակազմի դեպքում նույնպես փոփոխություն կա նախորդ տարվա համեմատությամբ․ այն կազմում է նախորդ տարվա մոտ 81 %-ը կամ 15 %-ով նվազում է արձանագրված՝ բացարձակ թվով 3,3 միլիարդ դրամի չափով։ Սա այն դեպքն է, երբ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվում է ոչ միայն աշխատակազմի պահպանման ծախսերը, այլև՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր։ Եթե առանձին միջոցառումներով դիտարկենք, ապա պարզ կդառնա, որ հիմնական մասն այս ցածր կատարողականի պարզաբանվում է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով՝ թեպետ կան ինչ-որ տնտեսումների և ծրագրերի հետաձգումներ»,- ասաց նախարար։
Ջանջուղազյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի աշխատանքների համար 2019 թվականի բյուջեով նախատեսված է եղել 725 միլիոն դրամ, այն տարվա ընթացքում պահպանվել է նույնությամբ փաստացի օգտագործվել է շուրջ 682 միլիոն դրամ կամ ծրագրային մեծության 94 %-ը։ Ջանջուղազյանի խոսքով՝ ՍԴ ծախսերը 2018 թվականի համեմատությամբ 15 տոկոսով աճել են։
«Դատական համակարգի գործունեության համար օգտագործվել է 11,8 միլիարդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 95,5 տոկոսը։ Այն շուրջ 33 %-ով ավելի է, քան 2018 թվականին նույն համակարգի պահպանման համար օգտագործվել էր»,- ասաց նախարար։
Ջանջուղազյանը հայտնեց, որ արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների սկզբնական ծրագիրը շուրջ 16,9 միլիարդ դրամ էր, տարվա ընթացքում այն ճշգրտվել է՝ կազմելով գրեթե 20 միլիարդ դրամ, որն օգտագործվել է 96 %-ով կամ փաստացի 19,1 միլիարդ դրամ է օգտագործվել։
Նախարարը նշեց, որ 2018 թվականի ծախսերի համեմատությամբ՝ այս դեպքում նույնպես աճ կա 18 տոկոսի չափով։
«Դատախազությունը անցյալ տարի պետական բյուջեից օգտագործել է շուրջ 5,4 միլիարդ դրամ կամ նախատեսված ծրագրային մեծության շուրջ 99 %-ը։ Դատախազության դեպքում նույնպես, նախորդ տարվա հետ համեմատած, կա որոշակի աճ՝ շուրջ 880 միլիոն դրամ կամ 20 %։ Քննչական կոմիտեի ծախոսերի համար պետական բյուջեից օգտագործվել է 8,1 միլիարդ դրամ, որը կազմել է ճշտված ծրագրի շուրջ 97,2 %-ը։ Այս դեպքում նույնպես 32%-ով աճել են ծախսերը՝ 2018 թվականի համեմատությամբ
Հայաստանի նախագահի աշխատակազմի ամբողջ ծախսը 2019 թվականին կազմել է 1 մլրդ 452 միլիոն դրամ կամ ճշտված ծրագրի շուրջ 96 %-ը։
Նա պարզաբանեց, որ ի սկզբանե ծրագիրը մոտ 1 մլրդ 145 միլիոն էր, բայց տարվա ընթացքում նոր հատկացումներ են կատարվել մոտ 350 միլիոն դրամի չափով։
Ընդ որում՝ նախագահական աշխատակազմի 2018 թվականի ծախսերի համեմատությամբ եղել է 248 միլիոն դրանի կամ 15 % նվազում է եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







