«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանում աշխատում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի վրա, հուսով եմ՝ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»,- Լիխաչովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանի գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների վերացման ծրագրի մասին է։
Լիխաչովն անդրադարձել է նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին։
«Չենք կարող չհիշատակել Հայաստանը, քանի որ երկարաձգում ենք կայանի աշխատանքը։ Թե ինչ ճանապարհ կընտրի Հայաստանի ղեկավարությունը, իր որոշելիքն է, բայց մենք շարունակում ենք այնտեղ ներկա լինել»,- ասել է նա։
Ավելի վաղ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանին տրամադրել էր 1,5 մլն դոլար դրամաշնորհ՝ «Նաիրիտ» գործարանի էկոլոգիական վերականգնման և վերաշխուժացման ծրագիր պատրաստելու համար։
«Նաիրիտ» գործարանը Հայաստանի հնագույն քիմիական ձեռնարկություններից է և հիմնադրվել է 1930-ականներին։ Խորհրդային տարիներին այն սինթետիկ կաուչուկի արտադրության ոլորտում մենաշնորհային դիրք ուներ և ապահովում էր համաշխարհային շուկայի մինչև 12%-ը։
Բնապահպանական շարժման ճնշման ներքո գործարանը 1989 թվականին փակվել էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո այն վերագործարկելու մի քանի փորձ էր արվել, սակայն իրացման շուկաների կորստի հետևանքով գործարանը հայտնվել էր ֆինանսական խնդիրների և պարտքերի մեջ։
2010 թվականից «Նաիրիտը» փաստացի պարապուրդի մեջ է և գտնվում է սնանկացման գործընթացում։ Ներկայում պետությունն ու միջազգային կազմակերպությունները քննարկում են գործարանի տարածքի էկոլոգիական վերականգնման ծրագրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







