Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասացց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Գնահատականները տարբեր են․ տարբեր միջազգային կազմակերպություններ այս պահի դրությամբ կարծում են, որ 3.5 տոկոս անկում կարձանագրվի և՛ զարգացած, և՛ զարգացող տնտեսություններում: Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները կվերականգնվեն նույն չափով»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի կարծիով՝ Հայաստանը մեծ բացառություն չի կազմի աշխարհի մյուս պետությունների տնտեսությունների համեմատությամբ, քանի որ եթե աշխարհի մասին են խոսում, ապա նկաի ունեն կշռված միջին ցուցանիշները և կփորձեն արագ կողմնորոշվել և արագ գործել, որը մեծ տարբերություն է լինելու վերականգնման ժամանակահատվածում։
«Կարծում եմ՝ 2021 թվականը լինելու է տնտեսական աճի այն տարին, երբ կորսվածը քանակական ցուցանիշների տեսքով հետ է բերվելու։ Իհարկե, մենք կփորձենք արագ կողմնորոշվել և արագ գործել, դա շատ կարևոր տարբերություն է լինելու զարգացման համար: Մենք չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը: Նոր աշխարհում մենք պետք է դիրքավորվենք այնպես և աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք մրցունակ են, պահանջված են և երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություններ»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







