ՀԷՑ-ը կդառնա պետական սեփականություն և կհանձնվի հավատարմագրային կառավարման, Կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք՝ դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման, բայց կան արտադրական ձեռնարկություններ, որոնք չեմ կարծում, որ պետք է պահենք կառավարության ներքո»,- ասել է նա։
Վարչապետը չի մանրամասնել, թե որ կառույցի կամ անհատի կառավարմանը կհանձնվի ՀԷՑ-ը։
Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։
Կառավարությունը դատական գործընթացի մեջ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) ընկերության հետ այն վերահսկողության տակ վերցնելու նպատակով։
Չնայած Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտն ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի հայցից հետո կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից, ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիայի գործողությունը։
Մայիսին ՀՀ վարչական դատարանն արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ, մասնավորապես՝ օտարել այն։ Այս ընթացքում իշխանությունները ՀԷՑ-ը գնահատել էին շուրջ 380 000 դոլար և համապատասխան առաջարկ արել Կարապետյանների ընտանիքին, սակայն՝ մերժվել։ Ժամկետը լրանալուց հետո կառավարությունը նախաձեռնել էր ընկերությունը որպես գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց և ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ էր հրապարակվել։
Հուլիսի 1-ին ընկերությունների խումբը դատարան էր դիմել՝ պահանջելով որպես հայցի ապահովման բացառիկ միջոց ճանաչել ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման իրավահարաբերության բացակայությունը, որը դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



