Առաջիկա շաբաթների ընթացքում կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի, հայտնում է ՀԷՑ-ի մամուլի ծառայությունը։
«Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օգոստոսի 3-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել էին գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։
Նիստի ընթացքում Պետրոսյանն անդրադարձել էր նաև Երևանի Պապ թագավորի անվան փողոցում տեղի ունեցած մալուխագծի վթարին, որի առնչությամբ ՀԷՑ-ում ներքին հետաքննություն է իրականացվում։
Պետրոսյանը նշել էր, որ բոլոր տեսուչները պարտավոր են 24 ժամ հասանելի լինել քաղաքացիներին և արագ արձագանքել բոլոր վթարների դեպքում՝ ապահովելով բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և պատշաճ իրազեկումը՝ վթարային և պլանային աշխատանքների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ վթարավերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական և արդյունավետ լուծումներ՝ կանխարգելելով վթարների հնարավոր կրկնությունը։
Կառավարությունը դատական գործընթացի մեջ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) ընկերության հետ այն վերահսկողության տակ վերցնելու նպատակով։
Չնայած Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտն ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի հայցից հետո կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
Մայիսին ՀՀ վարչական դատարանն արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ, մասնավորապես՝ օտարել այն։ Այս ընթացքում իշխանությունները ՀԷՑ-ը գնահատել էին շուրջ 380 000 դոլար և համապատասխան առաջարկ արել Կարապետյանների ընտանիքին, սակայն՝ մերժվել։ Ժամկետը լրանալուց հետո կառավարությունը նախաձեռնել էր ընկերությունը որպես գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց և ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ էր հրապարակվել։
Հուլիսի 1-ին ընկերությունների խումբը դատարան էր դիմել՝ պահանջելով որպես հայցի ապահովման բացառիկ միջոց ճանաչել ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման իրավահարաբերության բացակայությունը, որը դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







