Ազգային Ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Այդ փոփոխություններով՝ առաջարկվում են կանոնակարգումներ, որոնցով մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկեր տրամադրելու դեպքում Կենտրոնական Բանկը կսահմանի որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ, այդ թվում՝ սպառողի վարկունակության մասով:
Հարցի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը պարզաբանեց, որ այդ օրենքով մարդիկ, ովքեր հնարավորություն և եկամուտ ունեն իրենց վարկը սպասարկելու համար, կդառնան ավելի առաջնարհերթ:
Իսկ մյուս զեկուցողը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտարարեց, որ այսուհետ, լինի դա տնային տնտեսություն, թե պետություն՝ պետք է անցնեն խնայողությունների.
«Զարգացման այս փուլում տնային տնտեսությունները պետք է փորձեն չծախսել ավելին, քան իրենք աշխատում են. գոյացած խնայողություններով մեր երկիրը կարող է զարգանալ: Այսինքն՝ մեր երկրի զարգացման առաջնային աղբյուր տեսնում ենք երկրում գոյացող ներքին խնայողութունները:»,-ասաց պատգամավորը:
Կարապետյանի խոսքով՝ հիմա եթե գյուղերում պտտվենք, կհանդիպենք հազարավոր ընտանիքների, որոնք այս սկզբունքով են առաջնորդում. ծախսում են այնքան, ինչքան աշխատում են, ավելին՝ փորձում են խնայել:
Ըստ նրա՝ հակառակ մոտեցումը՝ կյանքը վարկերի հաշվին, բերում է մի իրավիճակի, երբ տնային տնտեսությունները հայտնվում են վարկային ծուղակներում.
«Ցավոք սրտի, մեր իրականության մեջ այդ վարկային ծուղակները շատ են»,-ասաց պատգամավորը:
Երկրորդ քայլով, ըստ նրա, պետք է մտածել՝ որպես երկիր, մենք արդյոք կարողանում ենք մեր ծախսերն ինքնուրույն ֆինանսավորել, թե՞ անընդհատ կախվածության մեջ ենք ընկնում արտաքին ֆինանսավորումից: Նրա խոսքով՝ վերջին 30 տարիներին կուտակած արտաքին պարտքը վկայոմ է, որ մենք ծախսում ենք ավելին, քան կարողանում ենք, ինչը բերում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական վատ հետևանքների:
«Կոչ ենք անում սկսել տնային տնտեսություներից, ապա անցնել առաջ նույն սկզբունքով մինչև ամբողջ երկրի կառավարումը. ծախսենք ոչ ավելին, քան ստեղծում ենք»,-հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նախատեսված է, որ կարգավորումները ուժի մեջ մտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







