Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հաղորդվում է, որ վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել են վճարման հանձնարարականներ (գումարով` շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ։
«Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (18-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում»,- ասվում է հայտարարության մեջ։
Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.
1. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2. Դիմումում չպետք է նշվի արդեն իսկ փակված հաշվեհամար:
3. Մինչև դիմումն ուղարկելը ևս մեկ անգամ պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը (ճշտությունը):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







